2 Samuel 11
1 Հետևյալ տարին, երբ թագավորները արշավի էին ելնելու, Դավիթը Հովաբին իր ծառաների ու բոլոր իսրայելացիների հետ ուղարկեց, որ կոտորեն ամովնացիներին և պաշարեն Ռաբաթը, իսկ ինքը մնաց Երուսաղեմում։
2 Երեկոյան կողմ, երբ Դավիթն իր անկողնուց ելել և ման էր գալիս թագավորական պալատի տանիքի վրա, տեսավ, որ մի կին լողանում էր տանիքի վրա։ Այդ կինը արտաքինով շատ գեղեցիկ էր։
3 Դավիթը մարդ ուղարկեց ու հարցուփորձ արեց այդ կնոջ մասին։ Նրան ասացին. «Չէ՞ որ դա քետացի Ուրիայի կինն է, Եղիաբի դուստր Բերսաբեեն»։
4 Դավիթը պատգամավորներ ուղարկեց, բերել տվեց նրան և մտավ նրա ծոցը։ Նա դաշտանից մաքրվել էր։ Կինը վերադարձավ իր տունը
5 և հղիացավ։ Նա մարդ ուղարկեց Դավթի մոտ և ասաց. «Ես հղի եմ»։
6 Դավիթը մարդ ուղարկեց Հովաբի մոտ՝ ասելով. «Ինձ մո՛տ ուղարկիր քետացի Ուրիային»։ Հովաբը Ուրիային ուղարկեց Դավթի մոտ։
7 Եկավ Ուրիան, ներկայացավ Դավթին։ Դավիթը հարցրեց Հովաբի ողջության, զինվորների առողջության ու պատերազմի վիճակի մասին։ Ուրիան ասաց. «Ամեն ինչ բարեհաջող է»։
8 Դավիթն ասաց Ուրիային. «Ելի՛ր, գնա՛ քո տունը և լվա՛ ոտքերդ»։ Ուրիան դուրս եկավ արքայի տնից, և նրա հետևից արքան պարգև ուղարկեց։
9 Սակայն Ուրիան քնեց արքայի տան դռանը՝ նրա ծառաների հետ, և իր տուն չգնաց։
10 Դավթին պատմեցին՝ ասելով, թե Ուրիան իր տուն չի գնացել։ Դավիթն ասաց Ուրիային. «Չէ՞ որ ճանապարհից ես եկել, ինչո՞ւ քո տունը չգնացիր»։
11 Ուրիան ասաց Դավթին. «Աստծու Ուխտի տապանակը, Իսրայելի ու Հուդայի բանակները վրաններում են բնակվում, իմ տեր Հովաբն ու իմ տիրոջ ծառաները բաց դաշտում են բնակվում, ես իմ տո՞ւնը գնամ ուտելու, ըմպելու և իմ կնոջ հետ քնելու համար։ Այդ ինչպե՞ս կարող է պատահել։ Երդվում եմ քո կյանքով, որ ես այդ բանը չեմ անի»։
12 Դավիթն ասաց Ուրիային. «Այսօր էլ այստեղ մնա՛, և վաղը քեզ կարձակեմ»։ Այդ օրը Ուրիան մնաց Երուսաղեմում։ Հաջորդ օրը
13 Դավիթը կանչեց նրան։ Ուրիան կերավ նրա մոտ, խմեց ու հարբեց և երեկոյան քնեց իր տիրոջ ծառաների հետ իր անկողնում և իր տուն չգնաց։
14 Առավոտյան Դավիթը նամակ գրեց Հովաբին և Ուրիայի միջոցով ուղարկեց նրան։
15 Նամակում գրված էր. «Ուրիային ուղարկի՛ր պատերազմի թեժ տեղերը, իսկ դուք հե՛տ քաշվեք նրանից, որ նա վիրավորվի ու մեռնի»։
16 Երբ Հովաբը քաղաքը պաշարել էր, Ուրիային ուղարկեց այնտեղ, ուր գիտեր, որ զորավոր մարդիկ կան։
17 Քաղաքի մարդիկ պատերազմի ելան Հովաբի դեմ։ Դավթի զորքից մարդիկ ընկան և մեռան։ Մեռավ նաև քետացի Ուրիան։
18 Հովաբը մարդ ուղարկեց և արքային պատմեց ամեն ինչ, որ պատահել էր պատերազմում։
19 Նա պատգամաբերին պատվիրեց՝ ասելով. «Հենց որ պատերազմի բոլոր դեպքերն արքային պատմես ու վերջացնես
20 և տեսնես, որ արքան զայրանալով կասի քեզ. “Ինչո՞ւ եք քաղաքին մոտեցել պատերազմելու, չգիտեի՞ք, որ պարսպի վրայից նետեր կարձակեն։
21 Չե՞ք հիշում, թե ով սպանեց Ների որդի Հերոբովաղի որդի Աբիմելեքին։ Չէ՞ որ մի կին նրա վրա պարսպի վրայից երկանաքարի մի բեկոր նետեց, և նա մեռավ Թամասում։ Ինչո՞ւ եք մոտեցել պարսպին”, այն ժամանակ կասես. “Քո ծառա քետացի Ուրիան էլ մեռավ”»։
22 Հովաբի պատգամաբերը գնաց Երուսաղեմ, արքայի մոտ, հասավ ու հաղորդեց Դավթին ամեն ինչ՝ պատերազմի բոլոր դեպքերը, ինչպես պատվիրել էր Հովաբը։ Դավիթը բարկանացավ Հովաբի վրա և ասաց պատգամաբերին. «Ինչո՞ւ քաղաքին մոտեցաք պատերազմելու, չգիտեի՞ք, որ պարսպից ձեզ հարվածելու են։ Չե՞ք հիշում, թե ով սպանեց Հերոբովաղի որդի Աբիմելեքին։ Չէ՞ որ մի կին պարսպից նրա վրա երկանաքարի մի բեկոր նետեց, և նա մեռավ Թամասում։ Ինչո՞ւ էիք մոտեցել պարսպին»։
23 Պատգամաբերն ասաց Դավթին. «Նրանք հարձակվեցին մեզ վրա և դուրս եկան մեր դեմ, մենք նրանց հալածեցինք մինչև քաղաքի դարպասը,
24 բայց աղեղնավորները պարսպի վրայից նետեր տեղացրին քո ծառաների վրա։ Արքայի ծառաներից ոմանք մեռան, մեռավ նաև քո ծառա քետացի Ուրիան»։
25 Դավիթն ասաց պատգամաբերին. «Այսպես կասես Հովաբին. “Եղածի համար մի՛ անհանգստացիր, որովհետև սուրը երբեմն այսպես է հարվածում, երբեմն՝ այնպես։ Սաստկացրո՛ւ պատերազմը քաղաքի դեմ ու կործանի՛ր այն”։ Եվ դու գոտեպնդի՛ր նրան»։
26 Երբ Ուրիայի կինը լսեց, որ իր ամուսինը՝ Ուրիան սպանվել է, ողբաց իր մարդու մահը։
27 Երբ սուգն անցավ, Դավիթը մարդ ուղարկեց, նրան իր տունը բերեց. սա դարձավ նրա կինը և նրա համար որդի ծնեց։ Դավթի այս արածը չար երևաց Տիրոջ աչքին։